Թանգարանը բաց է երեքշաբթիից կիրակի, 11:00 - 17։40

            Արա Սարգսյան 

Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիր: 

Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում՝ Միհրան և Կատարինե Սարգսյանների ընտանիքում։ Նախնական անհրաժեշտ գիտելիքները ստանում է տեղի Տատյան ուսումնարանում, այնուհետև՝ 1914 թվականին, երբ ընտանիքը տեղափոխվում է Պոլիս՝ Բերա թաղամաս, ուսումը շարունակում է Եսայան սանոց վարժարանում։ Արայի հորեղբայրը՝ Սարգիս Սարգսյանը, Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից էր, նրա խորհրդով Արան խորանում է արվեստի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արան թողնում է ուսումն ու սկսում զբաղվել պատահական աշխատանքով՝ գոյության միջոցներ վաստակելու նպատակով։ 

 

Գալով Հռոմ, Կոստանդնուպոլիսի կուսակցական ընկերների՝ հատկապես Արշավիր Շիրակյանի խորհրդով Արա Սարգսյանը ներկայանում է Իտալիայում ՀՀ ներկայացուցչության Միքայել Վարանդյանին: Վարանդյանն աշխատանքի է վերցնում խելացի, վեց լեզուների տիրապետող և ընդհատակյա աշխատանքի փորձ ունեցող երիտասարդին: 

1921-1922թ Հռոմում և Բեռլինում Սարգսյանը դառնում է «Նեմեսիս» գոծողության ակտիվ մասնակից։ Նա զբաղվում է գրագրությամբ, գծագրությամբ, անգամ էլեկտրիկ է աշխատում։ Պատերազմից հետո նա սովորում է նախ Պոլսի Գեղարվեստի վարժարանում (1919-1921), որտեղ հանդես է գալիս ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով, որտեղ զգացվում է Ռոդենի ազդեցությունը:  

1921 թվականին ավարտելով գեղարվեստի ուսումնարանը որոշում է մեկնել Հռոմ: Եսայան վարժարանը հովանավորում է Արայի ուսումը արտասահմանում: Այնուհետև, շարունակում է ուսումը Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում (1921-1924)՝ աշակերտելով Էդմոնդ Հելմերին և Յոզեֆ Մյուլներին, դիմաքանդակներով մասնակցում տեղի նկարիչների ցուցահանդեսներին։ 

Այս շրջանի դիմաքանդակները հասուն արվեստագետի ստեղծագործություններ են՝ հոգեբանական խառնվածքների շեշտված դրսևորումներով, որոշ դեպքերում թեթևակի հակումով դեպի իմպրեսիոնիզմը։ Կոմպոզիցիոն ստեղծագործություններում շարունակում է ողբերգական սյուժեները՝ Ռոդենյան ոճի պլաստիկական լուծումներով։  Վիեննայում 1924 թվականին ընդունում է խորհրդային քաղաքացիություն և 1925 թվականի ապրիլի 26-ին ժամանում Երևան՝ դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը։ 

1925-ից 1930 թվականներին Երևանյան գեղարվեստական տեխնիկումում բացում է քանդակագործության բաժինը և սկսում դասավանդել այստեղ։ 1930-ական թվականներին Արա Սարգսյանը փորձում է միավորել Հայաստանի նկարիչներին՝ համատեղ սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով։ 

1932 թվականին Գաբրիել Գյուրջյանի, Միքայել Արուտչյանի, Արա Սարգսյանի ջանքերով հիմնադրվում է Հայաստանի նկարիչների միությունը, իսկ առաջին քարտուղար միաձայնորեն ընտրվում է հենց Արա Սարգսյանը, որը գլխավորում է մինչև 1937 թվականը։ Սարգսյանի մանկավարժական գործնեությունն առավել լայն ծավալ ու նշանակություն է ստացել 1945 թվականից, երբ նրա գլխավորությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ 

Այս ժամանակաշրջանի նրա ստեղծագործություններում նկատվում է ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային արվեստի շունչը: Վախճանվել է 1969 թ. հունիսի 13-ին Երևանում: Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում: 

Արա Միհրանի Սարգսյան, հայ խորհրդային քանդակագործ, Երևանի նկարիչների միության հիմնադիր (1932) և առաջին նախագահ, Հայաստանում առաջին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր, այդ ինստիտուտի առաջին ռեկտոր, պրոֆեսոր (1947)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1959), ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, «Նեմեսիս» ծրագրի մասնակից։

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն թանգարան © 2019. Բոլոր իրավունքները պաշտպանված են
hyՀայերեն